Սիրիական Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին համաշխարհային տասը գանձերից մեկն է, որն իսլամականները ոչնչացրել են
Դեր Զորի հայկական եկեղեցին ոչնչացված 10 գանձերից մեկն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իտալական «Il Sole 24 Ore» պարբերականի փոխանցմամբ՝ «2014 թվականի սեպտեմբերին ԻԼԻՊ-ի ահաբակիչները ոչնչացրեցին հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը գտնվում է սիրիական Դեր Զոր քաղաքում: Այս տաճարը հայերի համար հատկապես կարեւոր նշանակություն ուներ նաեւ այն պատճառով, որ դրա ներսում Ցեղասպանության հուշարձան եւ թուրքական վայրագությունների զոհերի մասունքներով դամբարան կար: Եկեղեցին ուխտագնացության վայր էր. ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ էին գալիս այստեղ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Դեր Զորը «Հայերի Օսվենցիմ» են կոչում. այստեղ եւ շրջակա անապատներում հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել»,- գրել է պարբերականը:
Իրենց իսլամի հետեւորդ անվանող զինյալների կողմից ոչնչացված համաշխարհային մշակույթի մյուս գանձը, ըստ պարբերականի, Էլ-Խադր քաղաքն է՝ նախաիսլամական արաբական անկրկնելի հուշարձանը, ասորական հնագույն Կալխու քաղաքը (ներկայում հայտնի է որպես Նիմրուդ)՝ հայտնի իր կիսացուլ-կիսամարդ հուշարձաններով, Սադամ Հուսեյնի հայրենի Թիքրիթ քաղաքի Կանաչ եկեղեցին՝ արեւելյան քրիստոնեության հնագույն հուշարձաններից մեկը եւ այն:
Ծայրահեղականները վնասել եւ ոչնչացրել են նաեւ մի քանի մահմեդական սրբավայրեր. ալ-Ասքարիի Ոսկե մզկիթը (շիաների խոշորագույն մզկիթներից մեկն Իրաքում), Մալիի Տումբուկտուի մզկիթները, Սոմալիում սուֆիստների շիրիմները: