Ապրիլի 7-ի երեկոյան Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Ռուսլան Նասիրլին:
Ադրբեջանում վերջին երկու օրերին երեք ընդդիմադիր է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության փոխանցմամբ՝ ընդդիմադիրին մեղադրել են «ոստիկանությանը չենթարկվելու» հոդվածով: Բաքվի Յասամալի շրջանի դատարանը Ռ. Նասիրլիին դատապարտել է 20 օր ձերբակալության:
Վերջին երկու օրվա ընթացքում դա Ժողճակատ կուսակցության արդեն երրորդ ակտիվիստն է, որ նույն հոդվածով ձերբակալվել է ապրիլի 5-ին Բաքվի «Մահսուլ» մարզադաշտում Ադրբեջանի ընդդիմության եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի կողմից անցկացված հանրահավաքից հետո:
Ապրիլի 6-ին կուսակցության ակտիվիստ Թուրքել Ալիսոյը ձերբակալվել էր 30 օր ժամկետով, իսկ կուսակցության Սաբայիլի շրջանի բաժանմունքի ղեկավար Սագիֆ Գուրբանովը` 25 օր ժամկետով:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում արդեն 38-ից ավելի քաղաքացիական հասարակության ակտվիստներ եւ իրավապաշտպաններ են ձերբակալվել: