ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում, այսօր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել նորվեգացի և արցախցի երաժիշտների մասնակցությամբ համերգ:
Նորվեգացի երաժիշտների մասնակցությամբ Ստեփանակերտում համերգ է կայացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կատարումներով հանդես են եկել Նորվեգիայից հրավիրված երաժիշտներ՝ Մարինա Կան Սելվիկը (դաշնամուր), Մատիաս Յենտոֆտը (ջութակ), Յակոբ Դինգստադը (ալտ), ինչպես նաև ԼՂՀ ՊԲ զինծառայողներ, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր դուդուկահարներ՝ Գեորգի Մինասյանը, Արթուր Մկրտումյանը և քամանչահար Ռաֆայել Շահբազյանը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, դաշնակահարուհի Մարինա Կան Սելվիկը նշեց, որ երրորդ անգամ է Արցախում։ Նա իր ուրախությունն ու հիացմունքը հայտնեց համագործակցության համար։
Իր խոսքում ջութակահար Մատիաս Յենտոֆտը ասաց, որ հպարտ է առաջին անգամ Արցախում լինելու համար։
Նշենք նաև, որ Շուշիիում և Ստեփանակերտում ունեցած համերգային ծրագրերին զուգահեռ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում անց են կացվել դաշնամուրի վարպետության դասեր,ինչպես նաև դասախոսություն՝ նորվեգացի անվանի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի կյանքի ու գործունեության մասին:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, երաժշտասեր հասարակություն։
Նորվեգացի արվեստագետների հետ համագործակցությունը սկիզբ է առել 2011թ, մասնավորապես, դաշնակահարուհի Մարինա Կան Սելվիկը իր ամուսնու` նորվեգացի կոմպոզիտոր Էսպեն Սելվիկի հետ մասնակցել է Արցախում անցկացված նորվեգացի գիտնական, բևեռախույզ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ Արցախի պետական կամերային նվագախումբը 2012 թվականին համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում: