Երեկ՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել համերգ։
Երևանի լարային քառյակը համերգով հանդես է եկել Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Համերգին կատարումներով հանդես են եկել Արցախի պետական երգչախումբը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջին կից «Կապրիչո» վոկալ անսամբլը և Երևանի լարային քառյակը։
Քառյակի մասնակիցները Երևանի ֆիլարմոնիայի նվագախմբի երաժիշտներն են. առաջին ջութակ Արտաշես Մելիքյան, երկրորդ ջութակ Արամ Աբրահամյան, ալտ Վահե Բարխուդարյան և թավջութակահար Վահե Դանիելյան։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանը նշել է, որ առաջիկայում համերգային ծրագրով հանդես են գալու՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
«Համերգի առաջին բաժնում մասնակցել են Երևանի լարային քառյակը, որոնց հետ արդեն երրորդ անգամ եմ համագործակցում , իսկ երկրորդ բաժնում իմ նորաստեղծ «Կապրիչո» վոկալ համույթն էր, որի կազմում ընդգրկված են երիտասարդներ»,- ասել է Ն. Գրիգորյանը և հավելել, որ այս խումբը մի նոր շունչ է Արցախում, որի հետ մեծ հույսեր է կապում։
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ասկերանի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Էմանուել քահանա Վարդանյանը, երաժշտասեր հասարակություն։