Եթե մարդ ի վիճակի չէ ճանաչել ցեղասպանությունը, նա մարդ արարած չի կարող կոչվել: Ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն վստահ է՝ բոլոր մարդիկ առաջին հերթին մարդ արարած են, և ունեն արժեքներ, և եթե «24/04» նվագախմբի համերգը քաղաքական է համարվում, ինքը չի վախենում ոչնչից:
Եթե մարդ ի վիճակի չէ ճանաչել ցեղասպանությունը, նա մարդ արարած չի կարող կոչվել. Ջանլուկա Մարչիանո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Այս համերգը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, որովհետև մենք հիշատակում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մենք բոլորս այն պետք է հիշենք: Ես մասնակցում եմ իմ շատ լավ ընկեր մաեստրո Սմբատյանի հրավերով: Ես համագործակցել եմ նրա ղեկավարած նվագախմբի հետ, հրավիրել եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին Բեյրութ իմ՝ «Ալ Բուստան» փառատոնին մասնակցելու: Այս տարի մենք համերգները նվիրել ենք Հայոց ցեղասպանության տարելիցին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Ջանլուկա Մարչիանոն:
Դիրիժորը վստահ է՝ Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությունը հրաշալի է:
«Մաեստրո Սմբատյանն աշխարհում շատ ընկերներ ունի, ովքեր իր հրավերով մասնակցում են այս նախագծին: Բոլորը մասնակցում են միջոցառման գաղափարի համար և այստեղ նվագում են ավճար հիմունքներով»,- նշեց նա:
Մարչիանոն հավելեց, որ հիացած է համերգին ներկայացվող ստեղծագործություններով: «Կային որոշ կոմպոզիտորներ, որոնց անունները լսել էի, բայց գործերին ծանոթ չէի և հիմա հիացմունքով եմ ծանոթանում այդ ստեղծագործություններին»,-հավելեց նա:
Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբը վերջին փորձերն է կատարում ապրիլի 24-ի համերգին ընդառաջ: «Վերածնունդ» խորագրով համերգը տեղի կունենա ժամը 20:15-ին Հանրապետության հրապարակում: Նվագախմբի կազմում ելույթ կունենան երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից: Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար, միջազգային մրցույթների հաղթող, Յան Սիբելիուսի անվան միջազգային միցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիր, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, Չայկովսկու անվան, Կորեայի Geongnam, ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կառարողների, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը:
Մենակատարների թվում են նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ով այսօր աշխարհում ամենամեծ պահանջարկ վայելող սոպրանոներից է:
Չորս մասից բաղկացած համերգում կհնչեն Մակար Եկմալյանի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները:
Ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները: Կցուցադրվեն տեսարաններ ջարդից, գաղթի ճանապարհից: Անդրադարձ կլինի մեծ հումանիստներին, ովքեր կարևոր դեր են ունեցել հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, հայ գաղթականների փրկության հարցում:
Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին: