Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է.
Նոր աշխատատեղերի ստեղծումը մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից են. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Աշխատանքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր ժողովրդին ուղեկցել է դարեր շարունակ, օգնել է նրան դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել դժվարություններն ու փորձությունները: Ազնիվ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում հայերը կարողացել են ստեղծել իրենց օջախն ու մշակույթը` անջնջելի հետք թողնելով համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ:
Այսօր արցախցին շարունակում է սեփական ձեռքերով կառուցել հայրենի երկիրը, կերտել իր սերունդների ապագան: Մարդկանց աշխատանքով ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից են: Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա իր արժանի տեղը գտնել հայրենիքում եւ բարեխիղճ աշխատանքով հոգալ իր ընտանիքի հոգսերը: Իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորն այս ուղղությամբ:
Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»: