Մայիսի 16-ին ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունն Արցախում կազմակերպեց միջոցառումներ՝ նվիրված «Թանգարանների գիշերվան»:
«Թանգարանների գիշերը» տոնվեց Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Տոնի շրջանակներում տեղի ունեցան ազգային երգ - երաժշտության համերգ Տողի մելիքական ապարանքում և Տիգրանակերտի մասին պատմող ֆիլմի շնորհանդես ու դասական երաժշտության համերգ Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոցում: Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքերով՝ «Թանգարանների գիշերը» մի մեծ ակցիա է, որի նպատակն է սերտացնել թանգարան-այցելու կապը:
«Այս ակցիայի շնորհիվ հետաքրքրվողները խմբերով այցելում են թանգարաններ, և ուրախալի է հատկապես երիտասարդների ակտիվ հոսքը, ինչը ցույց է տալիս վերջիններիս վերաբերմունքը թանգարանների նկատմամբ: Այս օրը հետաքրքիր է նաև օտարազգի զբոսաշրջիկների համար, ովքեր, տարբեր առիթներով այցելելով Արցախ և տեղեկանալով կայանալիք միջոցառումների մասին, միացան ակցիային»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց վարչության պետը: Անդրադառնալով «Թանգարանների գիշերվան» և մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կարգախոսին, Ս. Շահվերդյանը ասաց, որ այս տարվա կարգախոսն է՝
«Թանգարաններ. հիշողության վկաներ»: Նա հորդորեց արցախցիներին սիրել թանգարանը, քանի որ այն, իրոք, արցախցու հիշողության վկան է:
Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը ամեն տարի մայիսին անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: Այս տարի նախաձեռնությանը ՀՀ-ում և ԼՂՀ-ում միացավ 111 թանգարան, ինչը 10-ով ավելի է, քան նախորդ տարի: