Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արձագանքել է Մշո Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին վերականգնելու հարցով Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության միության ներկայացրած դիմումին:
Թուրքիայի մեջլիսը պահանջել է հետաքննություն սկսել Մշո Սուրբ Կարապետ եկեղեցու վատ վիճակի պատասխանատուների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի հաղորդմամբ` Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության միությունն ավելի վաղ դիմում էր ներկայացրել մեջլիս՝ պահանջելով քայլեր ձեռնարկել հայկական եկեղեցու վերականգնման և վանական համալիրի տարածքն ազատելու համար: Միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտնել է, որ թուրքական մեջլիսից եկած պատասխանում նշվում է, որ եկեղեցու ներկա վիճակի պատասխանատուների դեմ հետաքննություն սկսելու պահանջ է ներկայացվել:
Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության միության ղեկավարը հիշեցրել է հայկական վանքի կարևորությունն ու պատմական արժեքը, մինչդեռ ներկայում դրա տարածքում կա 48 տուն և 6 հարդանոց:
Դաղջըն նշել է, որ իրենք շարունակելու են իրավական պայքարը Մշո Սուրբ Կարապետի տարածքն ազատելու և այն վերականգնելու ուղղությամբ: «Մշո Սուրբ Կարապետ վանական համալիրում այլ կառույցների գոյությունը վիրավորանք է հայ համայնքի ուխտատեղի մեր եկեղեցու նկատմամբ: Ոչ ոք չի կարող ընդունել այդ վիրավորանքը»,- ասել է Դաղջըն: