Հուլիսի 7ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի շրջան՝ տեղում ծանոթանալով հացահատիկի բերքահավաքի և բանջարաբոստանային տնտեսությունների աշխատանքներին:
Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանում ծանոթացել է ֆերմերային տնտեսությունների աշխատանքներին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ վարչապետը նախ եղել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի՝ հացահատիկի ընդունման կետում, հետաքրքրվել այս օրերին մթերվող ցորենի որակական հատկանիշներով, ապա այցելել Ակնա տեղամաս և շրջայց կատարել բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող ֆերմերային մի շարք տնտեսություններում:
Ա. Հարությունյանը հողամշակներից հետաքրքրվել է ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների մասին: Ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վարչապետին` կառավարության և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ առատ բերք են սպասում: Ֆերմերների տեղեկացմամբ՝ արդեն շուկա է հանվել տեղամասում արտադրված ձմերուկի և սեխի առաջին խմբաքանակը, իսկ մի քանի օրից կսկսվի լոլիկի բերքաքաղը:
«Ուրախալի է տեսնել նման տնտեսություններ, որոնք աշխատում են տեղական պահանջարկի բավարարման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակման ծրագրերը, և պատրաստ է հնարավորինս աջակից լինելու այդպիսի նախաձեռնությունների իրագործմանը«, ընդգծել է վարչապետը:
Վարչապետ Հարությունյանին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: