«Ոսկե Ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի օտարերկրյա դեսպանությունների հետ և հանդես կգա համատեղ ծրագրերով:
Ֆրանսիական, գերմանական ֆիլմերի օրեր՝ «Ոսկե ծիրանի» շրջանակներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռադիոլուրի փոխանցմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցությունը կշարունակվի նաև այս տարի: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարծում է, որ սա հիանալի հնարավորություն է հայ հանդիսատեսին ներկայացնելու միջազգային ֆիլմարվեստի ստեղծագործական դրսևորումները: Ներկայացնելով «ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, դեսպանը նշեց, որ այն ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆիլմերը:
«Կինոփառատոնի ծրագրում 2 օր, հուլիսի 13-ը և 14-ը նվիրվելու են ֆրանսիական կինոյին: Այդ օրերին կներկայացվեն 13 ժապավեններ: Ես հուսով եմ, որ Հանրապետության տարբեր ծայրերից կգան դիտելու այդ ֆիլմերը, մասնավորապես Ստեֆան Բրիզեի «Ես սիրված լինելու համար չեմ այստեղ» ֆիլմը:
Քանի որ տարին նշանակալի է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով, անմասն չեն մնացել նաև այդ թեմային առնչվող կինոժապավենները, որոնց մեջ կան անհատական և ընտանեկան պատմություններ, ազգային ինքնությանն առնչվող թեմաներ, նշեց Ֆրանսիայի դեսպանը: «Ոսկե ծիրանի» շրջանակներում կներկայացվի նաև «Գերմանական նոր կինոն»: Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակութային ատաշե Աննեմարի Կուլումանն էլ տեղեկացրեց, որ այս տարի իրենց երկրից փառատոնին կներկայացվի 20 ֆիլմ:
«Գերմանական թեմաների լայն ընդգրկում ունեն այս ֆիլմերը: Դրանք վերաբերում են Գերմանիայի միացման 25 ամյակին, Բեռլինի օդանավակայանի բացմանը: Մենք շատ շնորհակալ ենք, որ մեզ հնարավորություն եք տալիս հայ հանդիսատեսին ներկայացնել գերմանական թեմաները»:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն էլ, բոլորին շնորհավորելով առաջիկա կինոփառատոնի առթիվ, նկատեց, որ կինոփառատոնի ընթացքում Հայաստանը համաշխարհային կինոյի կենտրոն կդառնա: Կալինինի տեղեկացմամբ այս տարի Ռուսաստանից կինոփառատոնին կմասնակցեն նաև լրագրողներ և կինոքննադատներ: Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև լեհական կինոյի օր: Լեհական ֆիլմերով հարուստ է հատկապես «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը: