Այս տարվա սեպտեմբերին Շուշիում կբացվի Մատենադարանի մասնաճյուղ։
Շուշիում կբացվի Մատենադարանի մասնաճյուղ. «Փյունիկ» հիմնադրամի տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանը։
Նա հայտնել է, որ այն բացվելու է հիմնադրամի միջոցներով և աշխատանքներն արդեն իրականացվել են։
«Շուշիի մեջ Մատենադարանի մասնաճյուղ բացելու մեր ծրագիրը ոչ միայն մշակութային է, այլ նաև քաղաքականություն է՝ ցույց տալու համար մեր մշակույթը, որ մենք դարեր առաջ վանքեր ենք ունեցել»,-ասել է նա։
Գաբրիել Ջամբարջյանը նշել է, որ շատ արժեքավոր նմուշներ ունեն, որոնք գտնվում են Երևանի Մատենադարանի մեջ և դրանց կրկնօրինակները պետք է ցուցադրվեն Շուշիի նորաբաց մասնաճյուղում։ «Դա մշակութային ձեռքբերում է և մեր փաստաթուղթը, որ այդ հողը մեր հողն է»,-ասաել է նա։
Ինչ վերաբերում է Մատենադարանի մասնաճյուղի բացման քաղաքական նշանակությանը՝ նա ասել է, որ արտերկրից ժամանող հյուրերը այցելելով Շուշի, կտեսնեն, որ այդտեղ ադրբեջանական որևէ բան չկա, մզկիթներ չկան, միայն եկեղեցիներ են։ «Դա մեծ նվաճում կլինի մեր հարցի և հողատիրության համար»,-ասել է նա։
Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ հայերը համաշխարհային մշակույթին շատ լավ արժեքներ են տվել: «Մեր մշակույթն աշխարհով մեկ տարածված է, և այսօր էլ մշակութայի կենտրոնների զարգացումն ուղղված է դրանց պահպանությանը»,- ասել է նա։