Լեգենդար հնդիկ դիրիժոր, բազմաթիվ մրցանակների արժանացած և Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում աստղ ունեցող Զուբին Մեթան իր ղեկավարած Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Հայաստան է գալիս:
Զուբին Մեթան Հայաստան է գալիս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 3-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիրիժորի ղեկավարությամբ տեղի կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը։
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է։ Նվագախմբի հետ Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։
Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի պատմական այցը իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ: