Հանրապետությունում, հուլիսի 27-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 45 հազար 75 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 42 հազ. 574 հա:
Հացահատիկայինների այս տարվա բերքատվության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ռեկորդային են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ գյուղնախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը և ավելացրել, որ հացահատիկայինների այս տարվա բերքատվության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ ռեկորդային են:
«Վերջին մի քանի տարիների առումով բերքատվության նման բարձր ցուցանիշներ Արցախում չէին գրանցվել»,-ասել է Վ. Ավետիսյանը և ավելացրել, որ համախառն բերքատվությունը կազմել է 114 հազ. 349 տոննա, իսկ միջին բերքատվությունը մեկ հեկտարից 26.9 ցենտներ՝ նախորդ տարվա 10.1 ց/հա-ի փոխարեն:
Ընդհանուր առմամբ՝ հնձվել է 22 հազ. 969 հա ցորեն, 17 հազ 883 հա գարի, ինչպես նաև 1721 հա հաճար: Ցորենի համախառն բերքատվությունը կազմել է 64 հազ 145 տոննա՝ 27.9 ց/հա-ից միջին բերքատվությամբ, նախորդ տարվա 11.3 ց/հա-ի փոխարեն, հնձված 46 հազ. 15 տ գարու միջին բերքատվությունը կազմել է 25.7 ց/հա, նախորդ տարվա՝ 8.4 ց/հա-ի համեմատ: Հաճարի համախառը բերքատվությունը 4189 տոննա է՝ 24.3 ց/հա-ից միջին բերքատվությամբ: