Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացիկ տարվա սեպտեմբերի 17-19-ը կանցկացվի «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոն, որի շրջանակներում տեղի կունենան Ֆրանսիան և նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ:
Ստեփանակերտում և Շուշիում կանցկացվի «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսիական օրեր Արցախում փառատոնի պաշտոնական տեղեկատվական ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվիրակության եռօրյա այցելության ծրագրով նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ և մշակութային միջոցառումներ:
Մասնավորապես՝ կկայանան ընդունելություններ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ազգային ժողովի և «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանի կողմից:
Նախատեսվում են նաև Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում «Հավերժություն» քանդակի (հեղինակ՝ Թորոս) հանդիսավոր բացման և «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողություններ, գրական-գեղարվեստական ցերեկույթ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում «Ղարաբաղ-Ֆրանսիա» և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստ:
«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության պատվիրակությունը Շուշիում ներկա կգտնվի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի բացման արարողությանը,որից հետո կկայանա «Ֆոլիմաժ» ստուդիայի անիմացիոն ֆիլմերի շնորհանդես Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, ինչպես նաև ֆրանսիական և արցախյան խոհանոցների ներկայացում Շուշիի «Հարսնաքար» ռեստորանում:
«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը կեզրափակվի Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամությունը խորհրդանշող բացիկների պատրաստման մրցույթով՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում և Պատրիկ Ֆիորիի համերգով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: