Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին, Ջեյմս Ուորլիքին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող անձանց:
Ի՞նչ հարցեր են քննարկել համանախագահները նախագահ Սահակյանի հետ. Պոպովը մանրամասնել է «Արցախպրես»-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Իգոր Պոպովը նշել է, որ նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացներին վերաբերող հարցեր:
«Խոսել ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին, որը մենք պատրաստվում ենք կազմակերպել: Խոսել ենք նաև հումանիտար հարցերից, և այդ համատեքստում՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներ կազմակերպելու հնարավորության մասին: Այնուամենայնիվ , քննարկման գլխավոր հարցը եղել է շփման գծում տիրող իրավիճակը: Մեզ համար անընդունելի է այն, որ իրավիճակը սրվում է սահմանում, և ծանր զինատեսակներ են կիրառվում: Մենք կհանդիպենք և այդ խնդրի շուրջ քննարկումներ կունենանք նաև բանակի ներկայացուցիչների հետ»,- «Արցախպրես»-ին մանրամասնել է Իգոր Պոպովը:
Նշենք, որ այսօր համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախաահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: