Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից վերադարձել է ջրային համակարգի և գյուղոլորտի մի խումբ մասնագետներից ու ֆերմերներից կազմված պատվիրակությունը, որը ԻԻՀ էր մեկնել ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի նախաձեռնությամբ:
Արցախի գյուղոլորտի ներկայացուցիչներց կազմված պատվիրակությունը վերադարձել է Իրանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ԼՂՀ վարչապետի խորհրդական Գևորգ Վերանյանը նշել է, որ այցի նպատակն էր ծանոթանալ մեր հարևան երկրի՝ գյուղատնտեսության բնագավառում ունեցած ձեռքբերումներին և ուսումնասիրել գյուղոլորտում նրանց կողմից ներդրված առաջատար տեխնոլոգիաները:
«Մեր այցը ներառում էր Թեհրան և Շիրազ քաղաքների հարակից գյուղատնտեսական և արտադրական նշանակության շրջանները:Կարծում եմ՝ այն խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների առավել արագ ներդրման համար: Ոռոգման կաթիլային, անձրևացման և ջրախնայողական նորագույն տեխնոլոգիաների իրանյան փորձի ուսումնասիրությունն ու ներդնումը Արցախում թույլ կտան մոտ ապագայում ապահովել գյուղատնեսության ինտենսիվ զարգացում»,-ասել է Գ. Վերանյանը:
Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև նռան ու պիստակենու այգիների մշակման փորձին, պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում նոր կուլտուրաների ներկրման ուղղությամբ: Գ. Վերանյանի խոսքով՝ իրենց կողմից ուսումնասիրվել է նաև տեղի ջերմոցային տնտեսությունների փորձը: Պետք է նշել, որ լավ արդյունքներ են արձանագրել ջերմոցային կոնստրուկցիաների արտադրության և ավտոմատ համակարգերի կիրառման ուղղությամբ: Այցի շրջանակներում եղել են նաև գեոմեմբրանների և ապակե մանրաթելային խողովակների արտադրության գործարաններում, որոնք խոշորագույններն են տարածաշրջանում: