Թուրքական Անթալիայում ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» խմբավորման 3 ենթադրյալ ահաբեկչի, որոնք կարող են կապված լինել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:
Անթալիայի հյուրանոցում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչությունների համար կասկածվող 26-ամյա երիտասարդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական TodayZaman-ի փոխանցմամբ, Dogan գործակալության տվյալների համաձայն՝ ծնունդով մարոկկացի 26-ամյա Ահմեթ Դահմանին ձերբակալվել է նոյեմբերի 20-ին՝ 5- աստղանի հյուրանոցում տեղավորվելու փորձի ժամանակ։
Ինչպես հաղորդվում է՝ հենց նա է զբաղվել վայրերի ընտրությամբ, որտեղ էլ իրականացվել են հարձակումները։
Մյուս երկուսը՝ Ահմեթ Թահիրն ու Մուհամմադ Վերդը, պետք է հանդիպեին Դահմանիի հետ ու քննարկեին վերջինիս անվտանգ վերադարձը Սիրիա։ Նշվում է, որ նրանք Թուրքիայի սահմանը հատել են կեղծ անձնագրերով։
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։