ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, կանոնավոր կերպով այցելում է երկու կալանավորված ադրբեջանցիներին։
ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելում է Ասկերովին ու Գուլիևին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։
«Ի թիվս նրանց կալանքի պայմանների և նրանց նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման՝ այցի ժամանակ նրանց հնարավորություն է տրվում Կարմիր Խաչի ուղերձների միջոցով կապ պահպանել հարազատների հետ և ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել»,-ասել է Է. Մուսայելյանը։
Նշենք նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Ժնև այցի ժամանակ ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ հանդիպելիս խնդրել է օգնել Ասկերովին եւ Գուլիևին բջջային հեռախոսների միջոցով կապ հաստատել հարազատների հետ։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման: