Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել գինեգործության ավանդույթներին, մասնագիտական հմտություններին ու որակի բարելավման գաղտնիքներին նվիրված սեմինար-խորհրդակցություն, որին հրավիրված էին խաղողագործության ոլորտում արցախցի տնտեսվարողները:
Արցախում կստեղծվի խաղողագործների ասոցիացիա
Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել գինեգործության ավանդույթներին, մասնագիտական հմտություններին ու որակի բարելավման գաղտնիքներին նվիրված սեմինար-խորհրդակցություն, որին հրավիրված էին խաղողագործության ոլորտում արցախցի տնտեսվարողները: Ստեփանակերտ էին ժամանել «Հայաստանի գինիների ակադեմիա»-ի տնօրեն Իրինա Ղափլանյանը և «Սեմինա քոստանդինգս» կազմակերպությունների հիմնադիր, գինեգործության ոլորտի ճանաչված մասնագետ Վահե Քեջգորյանը:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ գյուղնախարարության մամլո ծառայությունից, ողջունելով սեմինար-խորհրդակցության մասնակիցներին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը կարևորել է ոլորտի զարգացմանն ուղղված` խորհրդատվական բնույթի միջոցառումները: Նախարարը նշել է, որ Արցախում խաղողագործության հարուստ ավանդույթների վերականգնումը երկրի իշխանությունները դիտարկում են որպես գյուղոլորտի առաջնահերթ խնդիրներից: Եվ հաշվի առնելով մեր տնտեսության զարգացման գործում խաղողագործության` ակնկալվող կարևոր դերն ու միջազգային շուկայի առաջադրած պայմանները, անհրաժեշտ է համակողմանի նպաստել ոլորտի առաջընթացին և օժանդակել նրանում ներգրավված մեր տնտեսվարողներին, նշեց նա:
-Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես առաջարկել էի ձեզ ստեղծել Արցախի խաղողագործների ասոցիացիա` պատրաստակամություն հայտնելով նաև ամեն կերպ օժանդակել այդ գաղափարի իրականացմանը: Եվ հիմա, հաշվի առնելով ժամանակի մարտահրավերներն ու ճյուղի զարգացման համար անհրաժեշտ մեր ներուժը, անհրաժեշտ ենք համարում անհապաղ իրականություն դարձնել այն, քանզի միավորվելով, դուք կարող եք շատ բան կարգավորել ոլորտում` այդ թվում նաև գնային քաղաքականությունը,-ասաց Անդրանիկ Խաչատրյանը:
Այնուհետև Քեջգորյանը հավաքվածների առջև հանդես է եկել դասախոսությամբ:
Տեսապրոյեկտորի միջոցով մատուցվող պատկերների, քարտեզների ու սխեմաների զուգորդմամբ և ավելի քան մեկուկես ժամ տևած դասախոսության ընթացքում ներկայացվեցին աշխարհում գինեգործության սկզբնավորման, արմատավորման ու զարգացման պատմությունն ու պատմական փուլերը, նրա դրվածքն ու տարածվածությունը ներկայումս, ինչպես նաև պարզաբանվեցին ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր: Իսկ վերջում բանախոսը պատասխանեց առաջադրված հարցերին: