Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ջրօրհնեքի խաչի դիմավորման արարողություն և Պաշտպանության բանակի օրհնության կարգ:
Պարգև Սրբազանը Սրբ. Հակոբ եկեղեցում կատարել է Ջրօրհնեքի խաչի դիմավորման արարողություն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, զինվորական պատիվներով Պաշտպանության բանակի բարձրաստիճան սպա, գնդապետ Ջալալ Հարությունյանը Ջրօրհնեքի խաչը տարել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի: Օրհնության կարգի մատուցումից հետո Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարևորել է զինվորականի առաքելությունը հայրենիքի ազատության, հավատի ու ազգային արժանապատվության պահպանման սուրբ գործում:
«Մայր Տաճարի խաչքավոր լինելը մեծ պատիվ է: Տարին ինձ համար առանձնահատուկ կլինի խաչքավորի՝ իմ ստանձնած մեծ ու պատվավոր պարտավորությունների կատարմամբ: Քրիստոնյա զինվորականի համար առաջնահերթություն պիտի լինի հավատն առ աստված, որովհետև հնարավոր չէ առանց հավատքի այդ կոչումը կրել»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ջալալ Հարությունյանը:
«Այսօր պատիվ ունեցանք դիմավորելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Խաչը: Շնորհակալ ենք Վեհափառ Հայրապետին, ով մեր հրամանատարներից Ջալալ Հարությունյանին Ջրօրհնեքի խաչքավորը լինելու հնարավորություն է ընձեռել, որի շնորհիվ Մայր տաճարի Սուրբ Խաչը 40 օր շրջելու է ՊԲ զորամասերում ու առաջնագծում, և օրհնության ու պահպանության խոսքեր են ասվելու հայ զինվորի համար: Ամեն մարդու մեջ հավատ կա, բայց զինվորի մեջ առավել արմատացած է հավատն առ այն, որ Աստված իր հետ է, իր կողքին»,- ասել է ԼՂՀ ՊԲ-ի հոգևոր սպասավոր Հրայր սարկավագ Հակոբյանը:
Օրհնության կարգին ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան սպաներ, զինվորներ և մայրաքաղաքի հավատացյալ հասարակայնության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Մայր Տաճարի այս տարվա Ջրօրհնեքի Խաչի կնքահայրը ԼՂՀ Պաշտպանական բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանն է: Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը մի քանի օր կգտնվի գնդապետ Ջալալ Հարությունյանի տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն: