Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքի վարչական տարածքում, «Տաք ջրեր» կոչվող լողավազանում՝ մայիսի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքում ողբերգական դեպք է եղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը, խեղդվել է երեք մարդ։
Լողավազանից դուրս են բերվել 35-ամյա Արտեմ Մելսիկի Բուլբուլյանի (Սյունիքի մարզի Տեղ գյուղից), 25-ամյա Կարեն Վրեժի Ալավերդյանի (Գորիս քաղաքից) և 25-ամյա Գրիշա Դավիթի Առուստամյանի (Քաշաթաղի շրջանի Հերիք գյուղից) դիերը:
Ըստ մեր զրուցակցի նշված քաղաքացիների մահվան հանգամանքները դեռևս պարզ չեն, տարվում է քննություն:
Ավելի վաղ դեպքի առթիվ NEWS.am-ը հաղորդել էր, որ նախնական վարկած կա, որ խեղդվել են ոչ թե ջրից, այլ լճում արտանետված գազից։ Այս վարկածի վերաբերյալ ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը դժվարացավ որևէ բան ասել՝ նշելով միայն, որ այս պահի դրությամբ փորձագիտական վերջնական եզրակացություն չկա: