Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված զինծառայող 19-ամյա Վահե Եղոյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:
Զոհված 19-ամյա զինվորը դեպքից մեկ ժամ առաջ խոսել է ծնողների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գյուղապետ Գալուստ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Վահեն 10 ամսվա ծառայող է եղել, վիրավորվել է գլխի շրջանում: «Ասել են, որ Վահենին ներկայացրել են «Արիության մեդալի», որից ենթադրում ենք, որ հակառակորդի գործողությունների հետեւանքով է զոհվել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ նա ծառայում էր Մատաղիսում:
«Վահեի հետ երեկ երեկոյան 17.30-ի սահմաններում են ծնողները խոսել, ասել է, որ ամեն ինչ լավ է, ծառայությունը նորմալ է անցնում ու դրանից մեկ ժամ անց եղել է դեպքը»,-ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ Վահե Եղոյանը երկու եղբայր ունի, որից մեկը՝ երկվորյակ: Ավագ եղբայրը նույնպես ծառայել է Մատաղիսում, իսկ երկվորյակ եղբայրը ներկայումս սովորում է Ագրարային համալսարանում:
Այս պահին Վահե Եղոյանի մարմինը բերել են Երեւան: Երեւանու են մեկնել զինվորի հայրը, հորեղբայն ու գյուղապետը, սակայն իրենց դեռ ոչինչ չեն ասում: