Վերջին ժամանակահատվածում տեղացած կարկուտի պատճառով էական վնաս է հասցվել հանրապետության մի շարք շրջանների՝ մասնավորապես Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի և Քաշաթաղի բոլոր տեսակի գյուղատնտեսական նշանակության տարածքներին. տուժել են թե աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի, թե բազմամյա տնկարկների տարածքները:
Կարկուտի պատճառած վնասի չափը ճշտելու համար կստեղծվի համապատասխան հանձնաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
«Եղանակային պայմանները դեռևս թույլ չեն տալիս ճշտել վնասի չափերը; Առաջիկայում կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցով»,-նշել է Վ. Ավետիսյանը:
Անդրադառնալով հնձի աշխատանքների ընթացքին ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ հունիսի 9-ի տվյալներով կատարվել է 5449 հա հունձ (առայժմ հունձ է իրականացվում միայն գարու ցանքատարածքներում): Համախառն բերքը կազմել է 13 հազար 169 տոննա, իսկ միջին բերքատվությունը` 24.2 ցենտներ հեկտարից:
Հնձի աշխատանքներում ներգրավված է 110 կոմբայն:
Վ. Ավետիսյանը հայտնել է, որ երկու փուլով իրականացվել են հակահրդեհային միջոցառումներ: մասնավորապես քիմիական ճանապարհով հրդեհավտանգ գոտիներում ստեղծվել են հակահրդեհային շերտեր: Ներկայումս էլ ընթացքի մեջ են հերկի միջոցով ցանքատարածքներին կից պաշտպանիչ շերտերի ստեղծման աշխատանքները: