Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
Մահապարտներն օդանավակայան են եկել տաքսիով, նախ կրակել են, ապա՝ պայթել. նոր մանրամասներ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, ահաբեկիչներից 3-ը նախ հրաձգություն են սկսել ոստիկանների ու քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ ահաբեկիչներն օդանավակայան են հասել տաքսիով:
Օդանավակայանի տարածքում քննչական աշխատանքներն ավարտվել են, օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է, սակայն անվտանգության խիստ միջոցառումները շարունակվում են:
Հայտնի է դարձել զոհերից 27-ի ինքնությունը: Նրանցից 26-ը Թուրքիայի քաղաքացի են, մեկը՝ Ուկրաինայի քաղաքացի: 13 մարմին արդեն հանձնվել է հարազատներին:
Միջազգային չվերթների տերմինալի մոտ ժամանած երեք ահաբեկիչները նախ ինքնաձիգերով կրակ են բացել ուղևորների և նրանց դիմավորողների վրա, ապա պայթեցրել են իրենց վրա եղած ռումբերը:
Ականատեսներից Էրջան Ջեյհանը CNNTürk-ին հայտնել է, որ նախ կրակոցի 10 ձայն է լսել, ինչից անմիջապես հետո պայթյունի ձայն է լսել: 10-15 վայրկյան անց որոտացել է երկրորդ պայթյունը:
Ականատեսը պատմել է, որ արյունահոսող բազմաթիվ մարդկանց է տեսել: Միջազգային չվերթների տերմինալում ժամանող ուղևորների բաժնում 20 շտապօգնության մեքենաներից բացի որոշ տաքսիներ ևս վիրավորների են տեղափոխել:
Սա այս տարվա ընթացքում Ստամբուլում տեղի ունեցած 4-րդ խոշոր ահաբեկչությունն է:
2016 թվականի հունվարի 12-ին Սուլթանահմեթի հրապարակում մահապարտ ահաբեկչի իրականացրած գործողությունից 11 մարդ էր զոհվել:
Երկրորդը տեղի էր ունեցել մարտի 19-ին՝ Իսթիքլալ փողոցում, որի հետևանքով զոհվել է 5 քաղաքացի:
2016 թվականի հունիսի 7-ին Ֆաթիհ Վազենեջլերում ականապատ ավտոմեքենա էր պայթեցվել: Դրա հետևանքով զոհվել էր 12, վիրավորվել 36 մարդ: