ԼՂՀ պաշտոնական տեսակետը եղել և մնում է այն, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, որպեսզի անցում կատարվի հակամարտության կարգավորման մանրամասների քննարկմանը:
Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին պետք է լինի ոչ թե որոշակի փուլում, այլ սկզբից մինչև վերջ. ԼՂՀ փոխարտգործնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի լիագումար նիստում, խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ընթացակարգի ժամանակ ասել ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը`մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցի այն հարցը, որը վերաբերում է պաշտոնական Երևանի կողմից դեռևս 2011 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքների այն դրույթներին, որոնք ենթադրում են տարածքների հանձնում և հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի որոշում:
«Բանակցություններ որպես այդպիսին ներկա փուլում չկան: Վերջին շրջանում հանդիպումների ժամանակ Մադրիդյան սկզբունքները չեն քննարկվել: Նախագահների հանդիպումները խորհրդատվական բնույթ են կրում, որոնց ժամանակ քննարկվում են միայն անվտանգության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գրասենյակի ընդլայնմանն առնչվող հարցերը: Անվտանգության երաշխիքների ապահովումից հետո միայն կսկսվեն բանակցությունների գործընթացին վերաբերող որոշակի հարցերի քննարկումները: Իսկ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են որպես ելակետային դրույթներ»,-ասել է Արցախի արտգործնախարարի տեղակալը` ընդգծելով, որ պաշտոնական Ստեփանակերտի տեսակետի համաձայն` Արցախի մասնակցությունը բանակցություններին պետք է լինի ոչ թե որոշակի փուլում, այլև փաստաթղթի մշակման սկզբից մինչև վերջ: