ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 30-ին ընդունել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Արփինե Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարում պրոբացիայի ոլորտում Վրաստանից փորձի փոխանցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Արփինե Հովհանիսյանը, ողջունելով գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում ունի բարձր մակարդակի, բարեկամական հարաբերություններ:
Հաղորդագրության մեջ նշված է. «Նախարարը հույս է հայտնել, որ նրանց Հայաստան կատարած այցն ավելի կամրապնդի արդարադատության ոլորտում առկա փոխգործակցությունը: Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով պրոբացիայի ոլորտում Վրաստանի ձեռքբերումները, ընդգծել է փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:
Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, առկա ներուժն օգտագործելու ու համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել, ինչպես նաև ներկայացրել է պրոբացիայի ոլորտի ձեռքբերումներն ու փորձը:
Հանդիպման ավարտին Կախա Կախիշվիլին ՀՀ արդարադատության նախարարին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան»: