Հունիսի 30-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը:
Ազգային ժողովն այսօր հաստատել է հարկային մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գարնանային նստաշրջանի ավարտին ԼՂՀ խորհրդարանականները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն քննարկել են նախորդ տարվա բյուջեի կատարողականը և ամփոփել նստաշրջանի օրակարգում ներառված օրենսդրական նախաձեռնությունները:
Ազգային ժողովը հաստատել է.
«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի խթանել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի նկատմամբ հաշվարկված տոկոսների, տույժերի և տունգանքների զիջման ու ներման գործընթացը: Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները 2016թ.-ի ընթացքում զիջելու կամ ներելու դեպքում, այդ գումարների չափով կնվազեցվի բանկի վարկային կազմակերպության տվյալ տարվա համախառն եկամուտը և ըստ այդմ էլ՝ կնվազեցվի շահութահարկը:
«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նախատեսում է բարելավել ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքի անդամների սոցիալական վիճակը: Զոհված զինծառայողների կամ կամավորականների ժառանգների, երաշխավորների և ընտանիքի անդամների՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկի գումարների ներման դեպքում այդ գումարները չեն հարկվի եկամտային հարկով:
«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որով 2016թ.-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար նվազեցվում են հաստատագրված և արտոնագրային վճարների չափերը՝ շրջաններում կիրառելով 0,3, իսկ Ստեփանակերտ քաղաքում 0,6 նվազեցվող գործակից:
Նշենք, որ հունիսի 23-ին կառավարության նիստում Գործադիրն, ապրիլյան իրադարձություններով պայմանավորված, հանդես էր եկել հարկային բեռի թեթևացման համար ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում լրացումների և փոփոխությունների հարցով Խորհրդարանին դիմելու նախաձեռնությամբ: