ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ ու կոչ արել խուսափել լարվածությունից ԼՂ հակամարտության գոտում:
Քերրին կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կատարել իրենց պարտավորությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Քերրին երկու նախագահների հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ հիշատակել է, որ վերջին շրջանում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է , հաղորդում է Reuters-ը:
«Քերրին դրականորեն նշել է, որ հրադադարը ԼՂ շփման գծում էականորեն պահպանվում է վերջին շաբաթներին, եւ նախագահներին կոչ է արել խուսափել լարվածությունից՝ խաղաղ գործընթացի խթանման համար»,-ասված է պետքարտուղարության հաղորդագրությունում:
Ամերիկացի դիվանագետը դիմել է երկու երկրների նախագահներին՝ կոչ անելով կատարել այն պարտավորությունները, որոնք վերջիններս ստանձնել են Վիեննայում (մայիսին) եւ Սանկտ Պետերբուրգում (հունիսին) կայացած հանդիպումների ժամանակ: