Անվանի բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտում կայացել է «Ես դեռ ողջ եմ» բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը:
Ստեփանակերտում կայացել է Էռնեստ Բեգլարյանի «Ես դեռ ողջ եմ» գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրքի խմբագիր, Է. Բեգլարյանի որդի, գրող Աշոտ Բեգլարյանն ասել է, որ գրքում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների ստեղծագործությունները:
Դրանք հիմնականում հայրենիքի, սիրո, կարոտի թեմաներով քնարական-փիլիսոփայական գործեր են: Ժողովածույում առանձին բաժնով ներկայացված են առակները և երգիծական բանաստեղծությունները, որոնք ևս յուրահատուկ տեղ են զբաղեցնում Է. Բեգլարյանի գրական ժառանգության մեջ:
Ա. Բեգլարյանի խոսքով` իր հայրը միշտ մեծ նշանակություն էր տալիս մարդու գենետիկային, և ինքը համոզված է, որ այդ գեները փոխանցվել են նաև իրեն` չնայած հայրը չափածո էր գրում, իսկ ինքը` արձակ: «Ես նկատել եմ, որ իմ երեխաների մեջ էլ կա պապից փոխանցված ստեղծագործելու ձիրքը. մեծ տղաս` Արմենը, 7 տարեկանից բանաստեղծություններ է գրում, որոնք տպագրվել են նաև թերթերում»,-ասել է Ա. Բեգլարյանը և հավելել, որ կյանքի ամենամեծ դասը, որ ինքը ստացել է իր հայրիկից, սա է. «Հստակ քայլիր կյանքում ու հավատա քո քայլերին, որպեսզի ընկերներդ էլ հավատան քեզ ու քայլեն քո ճանապարհով»:
ԼՂՀ գրողների միության նախագահ, գրողի գրչակից ընկեր Վարդան Հակոբյանը, բարձր գնահատելով Է. Բեգլարյան բանստեղծին իր խոսքում մասնավորապես ընդգծել է.«Էռնեստ Բեգլարյանի պոեզիան արցախյան քնարերգության ամենազուլալ աղբյուրներից է: Նա այդպիսինն է, որովհետև նրա պոեզիայի հիմքը իր` բանաստեղծի անկեղծ խոստովանությունն է. նա այդպես էլ ապրել է` երբեք տուրք չտալով «ժամանակի պահանջներին», պահպանելով իր հոգու ու տողի մաքրությունը»:
Սոկրատ Խանյանն էլ նշել է.
«Է. Բեգլարյանը ծնվել է որպես բանաստեղծ:
Վերընթերցելով գրչընկերոջս` տարբեր թեմաներով ստեղծագործությունները, տեսա, որ նրա մտածողությունը տիպիկ արցախյան է. հայի մտածողությունն է` հստակ ու կենսափիլիսոփայական:
Ընթերցելով նրան գալիս եմ այն եզրակացության, որ նա հետևորդն է մեր դասականների»:
«Էռնեստ Բեգլարյանը կյանքում միշտ փնտրում էր արդարություն և ազնվություն. նրա կենսափիլիսոփայական բանաստեղծությունների հենքը հենց դրանք են:
Նրա բանաստեղծական տողերը պարզ են ու սրտամոտ և շաղախված են սիրո մեղեդիներով:
Նրա պոեզիան սկիզբ է առնում հայոց դասական պոեզիայի ակունքներից»,-ասել է գրող Ռոբերտ Եսայանը:
Գրողի ավագ դուստր` Անահիտ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում անթաքույց հպարտությամբ խոստովանել է.«Բանաստեղծ հայրս մի յուրահատուկ աշխարհ էր մեզ համար. նա նման չէր ոչ ոքի: Մեզ` երեխաներիս աշխարհը նա լցրել է ջերմությամբ ու հոգատարությամբ: Լինելով տան ավագը` հայրս միշտ ինձ էր իր հետ տանում տարբեր էքսկուրսիաների ու միջոցառումների: Հայրս ջերմ խոսքեր ասելու մեջ շռայլ չէր, բայց նրա մի ժպիտը բավական էր, որ մենք հասկանայինք նրա մեծ սերը մեր նկատմամբ: Նրա ապրած կյանքի բոլոր ելևէջները ես տեսնում եմ «Ես դեռ ողջ եմ» գրքում: Խոր ցավ եմ ապրում, որ այսօր նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց նա շարունակում է ապրել իր որդիների, իր հարազատների, իր ընթերցողների և ճանաչողների սրտերում»:
Հուշ-երեկոյին բանաստեղծի գրչակից ընկերները հանդես են եկել գրողի մասին մեծարանքի խոսքերով, պատմել նրա մասին հուշեր ու հետաքրքիր դրվագներ: Բանաստեղծի թոռներն էլ արտասանել են իրենց պապի ստեղծագործություններից:
Էռնեստ Բեգլարյանը ծնվել է 1936 թվականին, ԼՂՀ Մարտունու շրջանի Հացի գյուղում։ 1960 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է ԼՂ գյուղատնտեսության տարբեր կառույցներում։ Դասավանդել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում։ 1988-1991 թվականներին աշխատել է «Կարմիր դրոշ», Ասկերանի շրջանի «Խաչեն» և «Բերդ» թերթերում։ Էռնեստ Բեգլարյանը գրել է քնարական ստեղծագործություններ, առակներ, որոնք թարգմանվել և տպագրվել են տեղական և արտասահմանյան մամուլում։ Է. Բեգլարյանը մի քանի ժողովածուների հեղինակ է. տասնյակ բանաստեղծություններ է նվիրել արցախյան հերոսապատումին: Նա արժանացել է պատվոգրերի։ Էռնեստ Բեգլարյանը կյանքից հեռացել է 2008 թվականի հուլիսի 17-ին: