«Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ոստիկանության պարեկա-պահակային գնդի գրավման դեպքով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով:
Հայտնի է՝ զինված խմբի գործով որ հոդվածներով է քրգործ հարուցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի տեղեկություններով՝ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 219-րդ (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նշենք, որ արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել են ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Մինչ այժմ իրականացվող գործողության շրջանակներում ազատվել է հինգ անձ: Այս պահին պատանդների թիվը 4 է, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Հուլիսի 20-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: 51 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բերման է ենթարկվել 136 մարդ, ձերբակալվել է 16-ը: