Ռիսկը հենց բանակցություններում չէ, այլ՝ հայ-ադրբեջանական սահմանում, որտեղ հնարավոր է նորից լարվածություն լինի.
Պետք չէ սպասել, որ ԼՂ բանակցություններում որևէ շրջադարձ կլինի. Ալեքսանդր Իսկանդարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԼՂ կարգավորման գործընթացի այժմյան բանակցություններում առկա հնարավոր ռիսկերի մասին, ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան:
«Չեմ կարող ասել, որ սահմանին իրավիճակի լարումը կլինի մոտ ապագայում, ավելի հավանական է, որ դա լինի ավելի ուշ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա հնարավոր է՝ կդրսևորվի դիպուկահարների ակտիվությամբ:
Ըստ քաղաքագետի՝ բանակցությունների նպատակը հենց իրավիճակի լարման հավանականության նվազեցումն է: «Փորձում են գտնել մեխանիզմներ, որ դեէսկալիզացնեն նման իրավիճակը: Ես սկեպտիկ եմ վերաբերում դրան: Ինձ թվում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ունեցած քաղաքական լծակները բավարար չեն Ադրբեջանի վրա բավականաչափ ճնշում գործադրելու համար, որ չլարի իրավիճակը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշեց, որ ԼՂ կարգավորման գործընթացում իր ուղղակի ազդեցությունը կունենա նավթի գնի անկումը․«Բայց դա երկարաժամկետ ծրագիր է, որովհետև նավթի գնի անկումը միանգամից չի ազդի կարգավորման հիմնախնդրի վրա»:
Անդրադառնալով Մոսկվայում Սարգսյան-Պուտին հանդիպումներին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ դրանից լուրջ սպասելիքներ ունենալ չէր կարելի, ըստ նրա՝ հիմա ընդհանրապես պետք չէ սպասել, որ բանակցություններում որևէ շրջադարձ կլինի: «Ապրիլյան պատերազմից հետո մենք նկատեցինք, որ փորձեր իսկապես արվում են, որ ինչ-որ բան փոխվի, բայց հիմա աստիճանաբար ակտիվությունը պակասել է: Սպասել անգամ նախագահների հանդիպումից, որ կլինի ինչ-որ շրջադարձ, պետք չէ»,– ասաց նա:
Կովկաս ինստիտուտի տնօրենը, անդրադարձավ նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցին, զարմացավ, որ հայկական շրջանակներում այն սխալ է ընկալվել: Նա նկատեց, որ բոլորն առավել շատ մատնանշում էին, որ նախագահն ասել էր՝ հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն փոխադարձ զիջումների միջոցով։
«Իսկ առավել քիչ խոսվեց այն մասին, որ նա ասել է՝ պետք է դադարեցնել կրակոցները, հեռացնել դիպուկահարները, Ղարաբաղը ներգրավել բանակցություններում և հետո կարելի է խոսել, թե ինչ փոխզիջումների մասին կարելի է խոսել»,– ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մատնանշելով, որ այդ պայմանները միանգամայն անընդունելի են Ադրբեջանի կողմից:
«Կողմերն այնքան են հեռացել միմյանցից, որ փոխզիջումների մասին պատկերացումները նրանց մոտ այնքան տարբեր բաներ են, որ համաձայնություն չկա: Այդ պատճառով եմ ես ասում, որ նոր բան սպասել, պետք չէ»,,– հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը։