Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի համար եղել ու մնում է ամենակարևորը:
Պետք է չեղյալ համարել «տարածքներ կարգավիճակի դիմաց» մոտեցումը. Արա Պապյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:
Նա նշեց, որ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված մեծ աղմուկը պատահական չէ, որովհետև «թևակոխում ենք որոշակի եզրափակիչ փուլ»:
«Այն, ինչ այսօր դրված է սեղանին, այսինքն՝ «տարածքներ խաղաղության դիմաց», նոր մոտեցում չէ: Դա գալիս է դեռևս 93թ.-ից, ապա 2007 թ.-ին Մադրիդյան սկզբունքներում է ամրագրվել, հետո Կազանի: Բայց մենք հիմա առավել անհանգստացած ենք, որովհետև թևակոխել ենք եզրափակիչ փուլ: Խոստումները, որոնք տրվել են նախագահների կողմից, ժամանակն է իրականացվեն»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց Արա Պապյանը:
Քաղաքագետի խոսքով՝ անընդունելի է տարածքներ հանձնելը, որովհետև դա ավելի կմոտեցնի մեզ լայնամասշտաբ պատերազմի: Արա Պապյանն ասաց, որ մյուս կողմից, Ռուսաստանի դերակատարությունն է ուժեղացել, որը ԼՂ հարցը փորձում է օգտագործել որպես հարթակ՝ սեփական խնդիրները լուծելու համար։ Ուստի բացառված չէ, որ հարցը ձգձգվի այնքան, մինչև ՌԴ-ի համար արցախյան հակամարտությունը կդադարի հարթակ լինելուց։
«Ռուսաստանն ուզում է Ադրբեջանին սիրաշահել, գայթակղել, բերել Եվրասիական տնտեսական միություն: Այս պարագայում մենք պետք է էապես, արմատապես փոխենք բանակցային գործընթացի հիմքը, էությունը, չեղյալ համարենք տարածքներ կարգավիճակի դիմաց մոտեցումը: Փոխզիջման մասին խոսք լինել չի կարող: Փոխզիջում կոչեցյալը համարժեք չէ, երբեք չի կարող համարժեք լինել»,- շեշտեց քաղաքագետը:
Արա Պապյանը նշեց, որ տարածաշրջանում հետաքրքիր իրադարձություններ են կատարվում, փոխվում են պետությունների դաշնակիցները, օրինակ՝ Թուրքիան, որը մշտապես եղել է Արևմուտքի դաշնակիցը, այսօր կանգնած է ՆԱՏՕ–ից դուրս գալու շեմին: Իսկ Հայաստանը, նրա խոսքով, կարող է օգտվել Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների լարմամբ ու մեծացնել իր դերը տարածաշրջանում: Միաժամանակ, ըստ նրա, մեծանում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարը, որը ՀՀ-ի համար վտանգավոր է:
«Իսկ Հայաստանը սպասում է, թե իրեն ով կընտրի: Հայաստանը ընտրել է՝ դաշնակից է Ռուսաստանը, բայց Ռուսաստանը դաշնակցային պարտավորությունները չի կատարում: Մենք պետք է ավելի ակտիվ լինենք, Արևմուտքի հետ զարգացնենք մեր հարաբերությունները: Չի կարող Հայաստանը արժեքավոր լինել Ռուսաստանի համար, երբ չունի այլընտրանք»,- ասաց քաղաքագետը: