Նյու Յորքի հյուսիսային շրջանի հայազգի դաշնային դատախազ Ռիչարդ Հարթունյանը երկուշաբթի օրը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի քաղաքականության հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ:
Հայազգի Ռիչարդ Հարթունյանն ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի խորհրդատվական հանձնաժողովի նախագահ է նշանակվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է timesunion.com կայքը:
Դելմար քաղաքից 55-ամյա Հարթունյանը, ով ավարտել է Ջորջթաունի համալսարանը, հանձնաժողովի փոխնախագահ էր դարձել 2015 թվականի հունվարին: Այժմ նա կղեկավարի հանձնաժողովը, որի խնդիրն է հաստատել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի քաղաքականությունը, խթանել համագործակցությունը նահանգների գլխավոր դատախազների հետ, ինչպես նաև նպաստել իրավական չափանիշների կիրառման հարցում հետևողականությանը:
Նշվում է, որ Լինչը նաև նոր փոխնախագահ է նշանակել՝ Միչիգանի արևելյան շրջանի դաշնային դատախազ Բարբարա Լ. Մաքքուադին:
«Գլխավոր դատախազի խորհրդատվական հանձնաժողովն առանցքային դեր է խաղում Արդարադատության դեպարտամենտի քաղաքականության հաստատման, իր ծրագրերի իրականացման և ԱՄՆ-ում հավասար արդարադատության ու օրենքի գերակայության ապահովման հարցերում»,- հայտարարել է Լինչը: «Որպես Գլխավոր դատախազի խորհրդատվական հանձնաժողովի նախկին նախագահ՝ ես գիտեմ հանձնաժողովի ղեկավարներից պահանջվող կարևոր պարտականությունները, և ես վստահ եմ, որ ԱՄՆ դաշնային դատախազներ Ռիչարդ Հարթունյանը և Բարբարա Մաքքուադը պատրաստ են ստանձնել այդպիսի կարևոր կառույցի ղեկավարումը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հավելել է նա։