Ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիական Հալեպ քաղաքի մի քանի հատվածների հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը:
Հալեպում հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը` նշելով, որ հրթիռն ընկել էր վարժարանի հետնամասում գտնվող թաղամասում:
«Հրթիռակոծման հետեւանքով փշրվել էր վարժարանի վերին հարկերի մի քանի ապակի: Աշակերտներն էին ձայնից ցնցվել, սակայն անմիջապես իջել էին նկուղ, ինչի շնորհիվ չեն վնասվել: Նյութական մեծ վնասներ չկան: Հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ դրությունն այժմ կայուն է»,-նշեց նա:
Օգոստոսի 25-ի առավոտյան զինյալները հրթիռներ են բաց թողել Հալեպի մի քանի շրջանների ուղղությամբ, այդ թվում հայկական` պատճառելով նյութական վնասներ: Քաղաքի այլ հատվածներում հրթիռակոծման հետեւանքով զոհվել է 6 մարդ: