Վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Մնացական Առաքելյանին և նրան պարգևատրել ԼՂՀ վարչապետի հուշամեդալով՝ Արցախի պաշտպանության ապահովմանն ուղղված գործունեության ու ցուցաբերած օգնության համար:
Հարավային թևի առաջնագծի համար ջրագիծ է բացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հանդիպումից առաջ բարերարը մասնակցել է առաջնագծի հարավային տեղակայման զորամասերից մեկի մարտական մի շարք դիրքերին սպասարկող նորակառույց ջրագծի բացման արարողությանը:
Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մ. Առաքելյանին՝ առաջնագծի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, և իր խոսքում, մասնավորապես, ասել. «Այս ջրագիծը կարևոր նշանակություն ունի դիրքապահների կենցաղային պայմանների բարելավման գործում: Ուրախալի է, որ նմանատիպ աշխատանքները կատարվում են կառավարության և բարերարների համաֆինանսավորմամբ, առավել ևս, որ հատուկ հաշվեհամարի գումարներից էլ ենք ուղղել այս ծրագրին: Հույս ունեմ, որ Ձեր և այլ նվիրյալների օրինակը վարակիչ կլինի շատերի համար, իսկ Արցախի իշխանությունները պատրաստ են հնարավորինս աջակցել ընտրված նախագծերի իրագործմանը և ապահովել բարեգործական միջոցների ծախսման առավելագույն թափանցիկություն»: