Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի զորահանդեսին ցուցադրված զինատեսակների մեջ կային նաեւ այնպիսինները, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլարի վարկով:
Զորահանդեսին ցուցադրվեցին զինատեսակներ, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի կողմից տրամադրված վարկով. Մովսես Հակոբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
«Եթե զինտեխնիկան մասնակցում է մեր զորահանդեսին, դրանք նաեւ մեր սեփականությունն են: Դրանց մեջ կան զինատեսակներ, որ ձեռք են բերվել պայմանագրի շրջանակում, կա նաեւ տեխնիկա, որ մեր միջոցներով ենք ձեռք բերել»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես:
Պետական հիմնի հնչյունների ներքո եւ զենքերի հինգ համազարկերի ներքո Երեւանի Հանրապետության հրապարակում զորահանդեսը մեկնարկեց զինվորական ստորաբաժանումների երթով, այնուհետեւ հրապարակ մտան տանկեր, զորահամեքենաներ եւ հրետանի: Դրանից հետո «Սու 25» գրոհիչ օդանավերը Երեւանի երկինքը զարդարեցին ազգային եռագույնի գույներով: Զորահանդեսն ավարտվեց Պաշտպանության նախարարության պատվավոր պահակախմբի վաշտի եւ միացյալ նվագախմբի շարաերթով: