Ադրբեջանում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը:
Ադրբեջանում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Բաքվի ժամանակով 19:00-ի դրությամբ փակվել են բացված 5627 ընտրական տեղամասերը: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ հանրաքվեն համարվում է կայացած:
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անցկացվել է կոպտագույն խախտումներով: Գրանցվել են միևնույն ընտրողների կողմից տարբեր ընտրատեղամասերում մի քանի անգամ քվեարկելու փաստեր:
Կան տվյալներ Խըրդալան քաղաքի ընտրատեղամասում ծրարներով քվեաթերթիկներ լցոնելու մասին:
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը քվեարկության ընթացքի մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ դպրոցի ուսուցիչները հանձնարարում են երեխաների ծնողներին մասնակցել քվեարկությանը մոտակա ընտրատեղամասերում` անկախ այն փաստից, թե որտեղ են նրանք գրանցված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ապահովի վեց ծնողի մասնակցություն:
Երրորդ ընտրատեղամասում պաշտոնապես գրանցվել է հանրաքվեին մասնակցած 343, իսկ հինգերորդ ընտրատեղամասում` 430 մարդ, սակայն դիտորդները գրանցել են միայն 8 և 5 ընտրողների:
Ապշերոնյան ընտրական շրջանում քաղաքացիներին բարձրախոսների միջոցով են կանչում հանրաքվեին մասնակցելու: