Կիևում՝ Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը, Ուկրաինայում ՀՀ դեսպանության կողմից սեպտեմբերի 23-ին կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:
Կիևում տոնել են ՀՀ անկախության 25-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի կառավարության, Գերագույն Ռադայի ներկայացուցիչներ, գիտական, հասարակական-քաղաքական գործիչներ, Կիևում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով դիմեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ շնորհավորելով բոլորին հայությամբ համար կարևորագույն այս տոնի առիթով: Այնուհետև ելույթ ունեցան Գերագույն Ռադայի պատգամավոր, Ռադայի մշակույթի և հոգևոր հարցերով կոմիտեի նախագահ Նիկոլայ Կնյաժիցկին և պատմաբան-մշակութաբան, պրոֆեսոր Նադեժդա Նիկիտենկոն: Վերոնշյալ անձանց դեսպան Մանուկյանը պարգևատրեց ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարության հուշամեդալներով` բարձր գնահատելով նրանց ներդրումը հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Ուկրաինայի ազգային օպերայի դիրիժոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Գերման Մակարենկոյի գլխավորած լարային քառյակը և դուդուկահար Արմեն Կոստանդյանը»: