Եվրամիության պաշտպանական քաղաքականության կյանքի կոչման գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի նոյեմբերին, ինչը միության անդամ պետությունների առաջնորդներին թույլ կտա այն հաստատել դեկտեմբերի գագաթնաժողովին։
ԵՄ պաշտպանական քաղաքականության իրագործման գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի նոյեմբերին. Մոգերինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով Բրատիսլավա՝ ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ «Մենք հույս ունենք նոյեմբերին նախապատրաստել ԵՄ պաշտպանական քաղաքականության իրագործման գործողությունների ծրագիր, որպեսզի այն ընդունվի դեկտեմբերի Եվրոպական խորհրդի հանդիպմանը»,- ասել է նա։ Խոսքը եվրոպական բանակի ստեղծման մասին չէ, խոսքը գործնական համագործակցության միջոցառումների մասին է՝ ուղղված ներկայում ԵՄ-ի կողմից անցկացվող 17 առաքելությունների իրագործմանը, մասնավորապես՝ Միջերկրական ծովում միգրացիայի վերահսկման «Սոֆիա» գործողությանը։ Մոգերինին նաև ընդգծել է, որ այդ քայլերը այլ ոչ թե փոխարինող են ՆԱՏՕ-ին, այլ լրացնող։ Նա այդ կերպ է պատասխանել Մեծ Բրիտանիայի քննադատությանը, որի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական բանակի կամ շտաբների ստեղծման ցանկացած փորձ կտանի Հյուսիսատլանտյան դաշինքի գործառույթների կրկնօրինակման։