Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է բոլոր ընտրատեղամասերից Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի նախնական արդյունքները, հայտնում է Trend գործակալությունը:
Ադրբեջանի ԿԸՀ-ն ներկայացրել է հանրաքվեի նախնական արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացիները երկուշաբթի օրը քվեարկել են երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հանրաքվեում:
Սահմանադրության փոփոխություններով նախատեսվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարուց երկարաձգել յոթի, ներդնել փոխնախագահների պաշտոններ, ինչպես նաև նվազեցնել երկրի նախագահի և պատգամավորի թեկնածուների համար գործող տարիքային շեմը:
Հանրաքվեն կայացած է ճանաչվել, քանի որ դրան մասնակցել է ընտրողների ավելի քան 25 տոկոսը: Exit poll-ի տվյալներով՝ Ադրբեջանի սահմանադրությունում բոլոր փոփոխությունների օգտին քվեարկել է ընտրողների 88,5 տոկոսը:
«ԿԸՀ նախագահ Մազախիր Պանախովը նշել է, որ այս պահին ստացվել է տեղեկատվություն 125 շրջանների բոլոր 5627 հազար ընտրատեղամասերից»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:
Նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարուց մինչև յոթ տարի երկարաձգելու օգտին հանդես է եկել ընտրողների 84,2 տոկոսը, փոխնախագահների ինստիտուտի ներդրման օգտին՝ 84,5 տոկոսը, նախագահին խորհրդարանը ցրելու իրավունք տրամադրելու օգտին՝ 87,9 տոկոսը: Բացի այդ նախագահի թեկնածու առաջադրվելու համար տարիքային շեմի նվազեցման օգտին է հանդես եկել քվեարկողների 88 տոկոսը: