Արցախի կառավարության որոշմամբ Շիրակի և Արագածոտնի մարզերի կարկուտից տուժած համայնքներին շուրջ 330 տոննա բարձրորակ ցորենի սերմացուի տրամադրման գործընթացը ավարտին է մոտենում:
Շիրակի և Արագածոտնի կարկուտից տուժած համայնքներն արդեն ստացել են Արցախից ուղարկած աջակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
Նման տիպի աջակցություն, ըստ մեր զրուցակցի Հայաստանի մարզերի մեր հայրենակիցներին առաջին անգամն է տրամադրվում: «Արագածոտնի մարզի համայնքներին տրամադրվել է 52 տոննա, ևս 48 տոննա կտրամադրվի մոտ օրերս, իսկ Շիրակի մարզի համայնքներին արդեն հատկացվել է 230 տոննա»,- ասել է Վ. Ավետիսյանը և հավելել, որ սերմացուն արտադրված է տեղական մասնագիտացված կազմակերպության կողմից:
«Մի մասը գյուղնախարարության ենթակայության տակ գործող սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների կենտրոնի արտադրածն է, որոշ քանակն էլ ձեռք ենք բերել մասնավոր սերմարտադրողներից»,- մանրամասնել է Վ. Ավետիսյանը: