Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը:
Վարչապետը հանձնարարել է օրինագիծ մշակել որով կներվեն տնտեսվարողների հարկային տույժերն ու տուգանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կառավարության նիստում, ի թիվս քննարկված այլ հարցերի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու մարմիններին օրինագիծ մշակել՝ կուտակված հարկային տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ, որպեսզի այն, 2017թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին, ներկայացվի Ազգային ժողովին:
«Մենք հարկային արտոնություններ արդեն մտցրել ենք փոքր ու միջին ձեռնարկատիրության համար, սակայն տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ ևս պետք է որոշում կայացնենք, ինչը տնտեսվարող սուբյեկտների համար, նախ, լրացուցիչ խթան կհանդիսանա իրենց ընթացիկ հարկային պարտավորությունները կատարելու համար և, երկրորդ, տնտեսական ավելի ակտիվ գործունեություն կիրականացնեն: Բացի դրանից, առաջիկա տարիներին տարբեր խթաններ ենք կիրառելու նաև ՓՄՁ-ի գործունեությունն աշխուժացնելու նպատակով, որը հնարավորություն է տալու ավելացնել հարկային մուտքերը»,- նշել է վարչապետը: