Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Սպիտակ տան, ինչպես նաև երկրի տարածքում և արտասահմանում գտնվող կառավարական շենքերի դրոշներն իջեցնել՝ ի հիշատակ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի:
Օբաման կարգադրել է իջեցնել ԱՄՆ-ի բոլոր կառավարական շենքերի դրոշները՝ ի հիշատակ Շիմոն Պերեսի
«Ի հիշատակ Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ Շիմոն Պերեսի՝ ես կարգադրում եմ Միացյալ Նահանգների՝ Սպիտակ տան, ինչպես նաև բոլոր պետական կառույցների ու տարածքների մոտ ծածանվող դրոշներն իջեցնել»,-նշվում է Օբամայի հայտարարությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Օբամայի կարգադրությունը վերաբերում է նաև ամերիկյան դեսպանատներին, ռազմաբազաներին ու ռազմանավերին, հայտնում է gazeta.ru-ն:
Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է մեկնել Իսրայել՝ մասնակցելու Պերեսի հուղարկավորությանը:
Պերեսը սեպտեմբերի 13-ին ստացած կաթվածից հետո սեպտեմբերի 28-ին մահացել է հիվանդանոցում՝ 93 տարեկանում:
Նշենք, որ 2013թ. մինչև իր պաշտոնաթողությունը Պերեսը եղել է մոլորակի ամենատարեց գործող պետության ղեկավարը։ Նա 2 անգամ եղել է Իսրայելի վարչապետ, 2 անգամ՝ վարչապետի պաշտոնակատար, և իր քաղաքական կարիերայի ավելի քան 66 տարիների ընթացքում 12 անգամ եղել է Իսրայելի նախարարների կաբինետի անդամ:
Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։