ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այն կազմակերպվել է «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանի նախաձեռնությամբ, ում կարծիքով՝ Արցախի անվտանգության ապահովման գործում շատ կարևոր է հասարակության դերը:
Քննարկման ժամանակ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը մարտակերտցիներին ներկայացրել է ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված առկա գործընթացը և ընդգծել, որ առաջնագիծն ամրապնդելով՝ արցախցիները կհասնեն նաև քաղաքական դիրքերի ամրապնդմանը:
Նա այնուհետև խոսել է ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության տարածման մի շարք օրինակների և խորհուրդ տվել չտարածել չճշտված տեղեկատվություն և կուլ չտալ հակառակորդի խայծերը:
«Դա հիմնականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների քարոզչության գործն է, որը շատ հաճախ վեր է ածվում բամբասանքի: Վտանգավորությունը չգիտակցելով՝ մենք հաճախ անհիմն տարածում ենք այդպիսի նյութերը՝ վտանգելով ինքներս մեզ»,- պարզաբանում է վարչապետի մամուլի քարտուղարը և ավելացնում,- «քարոզչական դաշտում Ադրբեջանը թիրախավորել է ոչ միայն իր երկրի հանրությանը, միջազգային հանրությանը, այլև՝ մեր ժողովրդին ու իշխանություններին: Այսպիսի քայլերով նա նպատակ ունի թուլացնել թե´ մեր առաջնագիծը և թե´ ներքին ճակատը: Մենք պետք է տեղեկատվական պատերազմում այդպիսի ոտնձգությունները ևս կանխենք»:
Արտակ Բեգլարյանը լսարանին ներկայացրել է նաև ապրիլյան դեպքերից հետո առաջնագծում կառավարության կողմից կատարված և կատարվող աշխատանքները:
«Ամուր սահման և հզոր տնտեսություն. այս կարգախոսով է ուրվագծվում ուժեղ Արցախի ապագայի տեսլականը»,- ընդգծել է Ա. Բեգլարյանը:
Քննարկման ընթացքում մարտակերտցիներին հուզող հարցերը ստացել են սպառիչ պատասխաններ, հաշվի են առնվել նաև ներկաների առաջարկությունները:
Կլոր սեղանին մասնակցում էին ՊԲ N զորամասի հրամանատար գնդապետ Սամվել Գրիգորյանը, ԼՂՀ վարչապետի օգնական Վլադիմիր Գրիգորյանը, ԼՂՀ կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ բաժնի պետ փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը, ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի թղթակից, քաղաքական գիտությունների թեկնածու կապիտան Հրայր Փաշայանը, հասարակական կազմակերպությունների նախագահներ, լրատվության և Մարտակերտի հասարակական, քաղաքական ու մշակույթային կյանքի ներկայացուցիչներ և այլք: