Երուսաղեմը երեք միաստվածային կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության ու իսլամի սրբազան քաղաքն է։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Երուսաղեմի սրբավայրերի նկատմամբ պահպանել ստատուս քվոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեում Երուսաղեմի վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ։
Բանաձևը վճռականորեն դատապարտում է «Իսրայելի կողմից ագրեսիայի ակտերի աճը ու մուսուլմանների մուտքն իրենց սրբազան վայր՝ Ալ- Ակսա մզկիթ, խոչընդոտելը»։
Բանաձևում նաև ասվում է, որ Իսրայելը պարտավոր է «պատմական ստատուս քվոյին համապատասխան՝ պահպանել Ալ -Ակսա մզկիթային համալիրի ամբողջականությունն ու մշակութային ժառանգությունը՝ որպես մուսուլմանների համար սրբազան աղոթավայր ու Համաշխարհային ժառանգության օբյեկտի անբաժան մաս»
Բան Կի Մունը նորից շեշտել է, որ Երուսաղեմը ու նրա պատերը սրբազան են երեք միաստվածային կրոնների համար ու ընդգծել է պատմական սրբավայրերի կարևորությունը մուսուլմանների, հրեաների ու քրիստոնյաների համար։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ մուսուլմանների սրբավայր հանդիսացող Ակսա/Ալ Խարամ մզկիթը հայտնի է նաև որպես Տաճարի սար, որի Արևմտյան պատը հուդայականության սրբավայրն է։ Նրա խոսքով այս կամ այն համայնքի առնչությունն այդ սրբավայրերին հերքելով՝ սնում են բռնությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջանում։ Նա կոչ է արել Երուսաղեմի սրբավայրերի նկատմամբ պահպանել ստատուս քվոն։