«Հալո Թրաստ» կազմակերպությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում ականապատ դաշտի ականազերծման աշխատանքներ իրականացնել: Դրա համար կազմակերպությունը դրամահավաք է հայտարարել:
«Հալո Թրաստ»-ը ցանկանում է ականազերծել Մյուրիշեն գյուղում ականապատ դաշտը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Հալո Թրաստ» կազմակերպության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ականապատ դաշտն ընդհանուր առմամբ 1.8 հեկտար տարածք է ներառում, ինչը վտանգում է Մյուրիշեն գյուղի 500 բնակիչների, ինչպես նաև հարևան Վազգենաշեն գյուղի բնակիչների կյանքը: Դաշտի ականազերծումը կկանխի հնարավոր դժբախտ պատահարները, ինչը հնարավորություն կտա մարդկանց առանց վախի իրականացնել իրենց առօրյա աշխատանքները:
Մյուրիշենում, սկսած 1995թ., ականի պայթյուններից առնվազն 5 մարդ տուժել է: «Հալո Թրաստ»-ը 2007թ. և 2011թ գյուղի տարածքում երեք ականապատ դաշտեր է ականազերծել՝ հեռացնելով 38 հակահետևակային ական, երկու հակատանկային ական, երեք պայթուցիկ նյութ:
Մյուրիշենի բնակիչ Միքայել Մեժլումյանը, ով տուժել է ականի պայթյունի հետևանքով, իր գոհունակությունն է հայտնել, որ ականապատ դաշտը վերջապես կմաքրվի: «Դա հույս է ներշնչում, որ ապագա սերունդները գյուղում ապահով կապրեն»,- ասել է նա:
Կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Էնդրյու Մուրը նշել է, որ իրենք այս հարցում միջոցներ հավաքելու նոր մոտեցում են որդեգրել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շուրջ 22 տարի անընդհատ տուժել է ականապատ դաշտերի հետևանքով: