Չնայած անվտանգության խնդրից ելնելով Թալիշի բնակչությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գյուղում չի ապրում, բայց ժամանակ առ ժամանակ նրանք այցելում են Թալիշ և, որքան հնարավոր է, տիրություն են անում իրենց տներին և հավաքում են այգիների բերքն ու բարիքը:
Թալիշցիների վերադարձով պայմանավորված՝ Ալաշանը շուտով մանկապարտեզի կարիք կունենա. համայնքի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն Ալաշան համայնքում:
Համայնքի ղեկավարի խոսքով, բնակիչների մոտ պատերազմական օրերին ստացած շոկային վիճակն, ընդհանուր առմամբ, անցել է, և Թալիշ այցելող գյուղացիների թիվը ոչ միայն շատացել է, այլև ակտիվ բնույթ է կրում: «Ընդհանուր առմամբ, այսօր Արցախ են վերադարձել մինչև ապրիլմեկյան իրադարձությունները Թալիշում բնակվողների կեսից ավելին, այն դեպքում, երբ քառօրյա պատերազմին հաջորդող ամիսներին թալիշցիների անգամ քսան տոկոսը երկրում չէր: Ճիշտ է նրանք հիմնականում տեղափոխվել էին ՀՀ տարբեր համայնքներ, սակայն ուրախ ենք, որ վերջին շաբաթների ընթացքում սկսվել է նրանց ակտիվ վերադարձը»,- ասել է համայնքի ղեկավարը և ավելացրել, որ ՀՀ-ում հաստատված համագյուղացիների հետ գտնվում է ակտիվ կապի մեջ և գրեթե բոլորի մոտ մեծ ցանկություն կա հետ վերադառնալու:
Խոսելով նոր հանայնքում՝ Ալաշանում, համագյուղացիների կենցաղային պայմանների մասին՝ Վ. Պետրոսյանը նշեց, որ բնակիչները արդեն այնքան են հարմարվել, որ անգամ կատակով Ալաշանի փոխարեն Թալիշան են կոչում նոր բնակավայրը: «Հասկանում ենք, որ միանգամից հնարավոր չէ բոլոր համայնքային պայմանները ստեղծել, սակայն, այն, որ կառավարության անմիջական ուշադրությունը զգում ենք ամեն օր, միանշանակ է: Շուտով 20 պատրաստի առաձնատներ կստանանք, ինչը ևս 20 ընտանիք ընդունելու հնարավորություն կտա: Այն շեշտակի կերպով կմեծացնի նաև դպրոցի աշակերտների թիվը»,- ասաց Վ. Պետրոսյանը և հավելեց, որ բնակչության վերադարձի հետ միասին Ալաշանում շուտով մանկապարտեզ բացելու անհրաժեշտություն կառաջանա: