Նոյեմբերի 6-ին Բաղդադի Բաբելոն հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի Անկախության 25--ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա են եղել Իրաքի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Բաղդադում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, իրաքահայ համայնքի անդամներ։
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Բաղդադում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեկոյի պատվո հյուրը Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդելռազակ ալ-Իսսան էր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի անկախացումից ի վեր ընթացող պետականակերտման գործընթացին և արձանագրված ձեռքբերումներին։ Ներկայացնելով հայ-իրաքյան պատմական հարաբերությունները՝ դեսպան Գրիգորյանը կարևորել է համագործակցությանն ու կառուցողական երկխոսությանը միտված դրանց շարունակական զարգացումը: Նա հավելել է, որ 2010 թ. վերաբացելով դեսպանությունը Բաղդադում՝ հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական կապեր, ապակենտրոնացված փոխգործակցություն, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցություն։ Դեսպանը հատկապես կարևորել է իրաքահայ համայնքի ներդրումը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։
Իրաքի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար ալ-Իսսան, ով բարձր է գնահատել բոլոր ոլորտներում հայ-իրաքյան համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում ավելի կխորացվեն կապերն, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթամշակութային ոլորտներում:
Պաշտոնական ընդունելության սկզբում բացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` «Հայկական ճարտարապետություն» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև կազմակերպվել է հայկական ազգային տարազների ցուցադրություն: