ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարության, ինչպես նաև վերջինիս աջակցող երկրների, այդ թվում Ռուսաստանի և Իրանի դեմ։
ԱՄՆ-ը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Սիրիայի և նրան աջակցող երկրների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
Արտաքին գործերի պալատի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը նիստին նշել է, որ պատժամիջոցները ուղղված են լինելու Սիրիայի էկոնոմիկայի ոլորտների դեմ, որոնց միջոցով երկրի իշխանությունները մարտական գործողություններ են իրականացնում։
«Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների սահմանում այն մարդկանց դեմ, որոնք շարունակում են գործ ունենալ Ալ-Ասադի վարչակարգի հետ»,-իր հերթին նշել է դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը։
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ կիրառի այն անձանց և երկրների դեմ, որոնք ֆինանսական, նյութական, տեխնոլոգիական աջակցություն են ցուցաբերում Սիրիայի կառավարությանը և Կենտրոնական բանկին, ինչպես նաև երկրի զինված ուժերին։