Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման շրջանակներում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում ավարտվել է հողօգտագործողների վերապատրաստման դասընթացների առաջին փուլը:
Ստեփանակերտում ավարտվել են հողօգտագործողների վերապատրաստման դասընթացների առաջին փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գյուղատնտեսության գիտությունների թեկնածու, բույսերի պաշտպանության մասնագետ Գևորգ Մելիքյանն ընդգծել է, որ գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններն ավելի են նպաստում, որ հողօգտագործները, մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելով, կարողանան այն իրագործել աշխատանքում:
«Դասախոսությունների համար մենք ընտրել ենք այնպիսի թեմաներ, որոնք հողօգտագործողներին ավելի է հետաքրքրում. դրանք առավել արդիական են և պրակտիկ:
Դրանց զուգահեռ հողօգտագործողներին տրամադրվում են նաև համապատասխան տեսական նյութեր ու մասնագիտական խորհուրդներ: Մասնակիցների հարցերը վերաբերում են տարբեր կլիմայական գոտիներում տարածված վնասատուների, հիվանդությունների, ինչպես նաև հողամշակման համար օգտագործվելիք պարարտանյութերի չափաբաժիններին: Հողօգտագործողներին հետաքրքրող բոլոր հարցերին համարժեք ու մատչելի պատասխաններ են տրվում:
Դասախոսություններին զուգահեռ ցուցադրվել են տեսանյութեր, գրաֆիկաներ, լուսանկարներ, որոնք ավելի հասկանալի ու մատչելի են դարձնում մատուցված թեմաները»,-ասել է Գ. Մելիքյանը և տեղեկացրել, որ առաջին փուլի մասնակիցները դասընթացների ժամանակ ստացած գիտելիքներից քննություններ են հանձնելու. որից հետո միայն նրանց տրվելու է համապատասխան վկայական:
«Առաջին փուլում վկայական չստացողներին կտրվի ժամանակ և հնարավորություն` նորից վերապատրաստվելու և քննություն հանձնելու,-բացատրել է Գ. Մելիքյանը և հավելել,-վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերի վերջին շաբաթից»:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ստեփանակերտի մասնաճյուղի ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, դասընթացին մասնակից Արամ Վերդյանը, ով Մարտակերտի հարթավայրային շրջանում զբաղվում է հողագործությամբ` հացահատիկի մշակմամբ, ասել է. «Դասընթացը սերմնաբուծության, հողի մշակման, ոռոգման, բույսերի պաշտպանության, պարարտացման մասին տալիս է տեսական գիտելիքներ: Մեր ստացած նպատակային մասնագիտական գիտելիքները, հույս ունենք, կկարողանանք պրակտիկ աշխատանքում կիրառել»:
Դասընթացին մասնակից Սերգեյ Սաֆարյանն էլ, չնայած իր` գյուղատնտեսությամբ չզբաղվելուն, նշել է. «Այս դասընթացներն առիթ հանդիսացան ինձ` զբաղվելու գյուղատնտեսությամբ: Կարծում եմ` յուրաքանչյուր աշխատանք պետք է գրագետ ու ճիշտ կազմակերպել: Այս 10 օրերի ընթացքում մասնագետների կողմից մենք լուրջ գիտելիքներ ենք ստացել: Ստացած գիտելիքներս տարիների ընթացքում կկատարելագործեմ, կամբարեմ նոր գիտելիքներ ևս, որոնք հետագայում օգտագործելով, կնպաստեն ինձ` լավ ֆերմեր դառնալու:
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արցախցի պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, առնչվի հողի հետ: Միայն գյուղատնտեսական գիտելիքներ ձեռք բերած հողօգտագործողը կարող է մեծ արդյունքի ու հաջողությունների հասնել»: